1 Kings 20
1 Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։
2 Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։
3 Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։
4 Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Թող քո ասածի պես լինի, տե՛ր իմ թագավոր, ես և իմ ամբողջ ունեցածը քոնն ենք»։
5 Պատգամավորները վերադարձան և ասացին. «Այսպես է ասում Բենադադը, թե՝ “Ես քեզ մոտ էի ուղարկել և ասել. "Քո արծաթը և ոսկին, քո կանանց և քո որդիներին ի՛նձ տուր"։
6 Ուրեմն վաղն իմ ծառաներին կուղարկեմ քեզ մոտ, որ աչքի անցկացնեն քո տունը և քո ծառաների տները, և այն ամենը, ինչ հաճելի լինի քո աչքին, նրանք պիտի վերցնեն”»։
7 Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։
8 Եվ բոլոր ծերերն ու ամբողջ ժողովուրդն ասացին նրան. «Մի՛ լսիր և հանձդ մի՛ առ»։
9 Եվ նա ասաց Բենադադի պատգամավորներին. «Ասացե՛ք իմ տեր թագավորին. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ այն, բայց այս մեկը չեմ կարող անել”». և պատգամավորները գնացին ու պատասխանը ետ տարան։
10 Եվ Բենադադը մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Աստվածներն ինձ թող այսպես անեն և սրանից ավելին անեն, եթե Սամարիայի հողը իմ ետևից եկող բոլոր զորքերի ափերը լցնելուն բավականացնի»։
11 Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։
12 Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։
13 Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։
14 Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։
15 Եվ նա հաշվեց գավառների իշխանների ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկու հոգի էին. նրանցից հետո հաշվեց ժողովրդին՝ Իսրայելի բոլոր որդիներին. յոթ հազար էին։
16 Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։
17 Նախ գավառների իշխանների ծառաներն առաջ անցան հարձակման. Բենադադը հետախույզներ ուղարկեց, և նրան հայտնեցին՝ ասելով. «Սամարիայից մարդիկ են դուրս գալիս»։
18 Նա էլ ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց. և եթե պատերազմի համար են դուրս եկել, դարձյալ կենդանի՛ բռնեք նրանց»։
19 Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։
20 Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։
21 Եվ Իսրայելի թագավորը դուրս եկավ, ոչնչացրեց ձիերն էլ, կառքերն էլ և մեծ ջարդ տվեց ասորիներին։
22 Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։
23 Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։
24 Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։
25 Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։
26 Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։
27 Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։
28 Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։
29 Եվ յոթ օր, բանակ կազմած, մնացին իրար դեմ դիմաց, և յոթերորդ օրը սկսվեց պատերազմը. և Իսրայելի որդիները մեկ օրում ասորիներից հարյուր հազար հետևակ ջարդեցին։
30 Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։
31 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։
32 Եվ նրանք մեջքերին քուրձեր և իրենց գլուխներին չվաններ կապեցին ու գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. “Թող իմ անձն ապրի”»։ Եվ նա ասաց. «Մի՞թե նա դեռ ողջ է. նա իմ եղբայրն է»։
33 Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։
34 Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը, - դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։
35 Եվ մարգարեների խմբից մի մարդ, Տիրոջ խոսքով, ասաց իր ընկերոջը. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». բայց այդ մարդը չուզեց զարկել նրան։
36 Նա էլ ասաց այդ մարդուն. «Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը, ահա իմ մոտից գնալիս առյուծը քեզ պիտի սպանի»։ Նա գնաց նրա մոտից, և մի առյուծ գտավ նրան ու նրան սպանեց։
37 Եվ մի ուրիշ մարդու հանդիպեց և ասաց նրան. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». և այդ մարդը նրան ուժեղ զարկեց ու վիրավորեց։
38 Եվ մարգարեն գնաց ու կանգնեց թագավորի ճանապարհին և աչքերին մի ծածկոց դրեց ու ծպտվեց։
39 Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։
40 Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։
41 Եվ նա ծածկոցն իսկույն հեռացրեց աչքերի վրայից, և Իսրայելի թագավորը ճանաչեց նրան, որ նա մարգարեներից էր։
42 Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։
43 Եվ Իսրայելի թագավորը տխուր ու բարկացած գնաց իր տուն և եկավ Սամարիա։